Լրահոս

Ռուսական թիմի լավագույն ռմբարկուն՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Արմավիրի» հարձակվող Իգոր Պադերինը տեղափոխվել է «Ուրարտու», հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը Պերմի «Ամկարի» սան է։ Նա խաղացել է մի շարք ռուսական ակումբներում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին՝ հանդես գալով ռուսական «Կուզբասում», որի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում 31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում Պադերինը խաղացել է նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Իգորը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015-ին նա Երևանի «Ուլիսի» կազմում մասնակցել է Մալթայի «Բիրկիրկարայի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը (1:3):

Պադերինը 2015-ից է հանդես գալիս Արսեն Պապիկյանի գլխավորած «Արմավիրում», որի կազմում անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։ Ռուս ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում դարձել էր ռուսական թիմի լավագույն ռմբարկուն՝ 23 խաղում խփելով 6 գոլ:

«Տպավորությունները դրական են։ Այնպես չէ, որ խորթ թիմ է, որովհետև ուսումնամարզական հավաքների ընթացքում բազմիցս խաղացել եմ այս ակումբի դեմ։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ նույնիսկ խաղացել եմ։ Գիտեմ, որ ակումբը բարձր խնդիրներ է առաջադրել։ Կփորձեմ իմ ուժերի առավելագույնը ներդնել, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- ասել է ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

 




Լուրեր թեմայից