Լրահոս

Առաջին խմբի ակումբներն առաջին անգամ կմասնակցեն արտոնագրման գործընթացին

Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ներդնում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման գործընթացը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այս գործընթացին մասնակցությունն ու համապատասխան արտոնագրի ստացումն ակումբների համար այսուհետ պարտադիր պահանջ է Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության համար։ Այն ակումբները, որոնք չեն մասնակցի արտոնագրման գործընթացին և/կամ չեն ստանա արտոնագիր, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ամռանը մեկնարկող Հայաստան Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը:

ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն 2020 թվականի ապրիլի 13-ին կայանալիք նիստի ընթացքում կքննի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: Հայաստանի առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը իրավունք կունենան մասնակցելու միայն այն ակումբները, որոնք ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կողմից վերոնշյալ նիստի ընթացքում կստանան համապատասխան արտոնագիրը:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը կազմակերպում է սեմինար-հանդիպում բոլոր այն ակումբների հետ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու Հայաստանի Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը: Վերոնշյալ հանդիպումը տեղի կունենա 2020-ի փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՖՖ գրասենյակի 4-րդ հարկի դահլիճում: Հանդիպմանը պետք է ներկայանան յուրաքանչյուր ակումբի արտոնագրման պատասխանատուները, այսինքն՝ այն անձինք, ովքեր մրցաշրջանի ընթացքում զբաղվելու են ակումբի արտոնագրային հարցերով: 

 




Լուրեր թեմայից