Լրահոս

ԵԱ. Ավագյանը և Ջաբուրյանը 1/4 եզրափակիչում են, Ֆրանգուլյանը, Մխեյանը և Հովսեփյանը պարտվեցին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ են մտել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ):

Միհրան Ջաբուրյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 6:4 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Դիմչուկ Ռինչինաուի նկատմամբ:

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթեց սլովակ Դավիդ Հաբատին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց լեհ Կշիշտոֆ Բիենկովսկուն:

Գևորգ Մխեյանը (70 կգ) որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից։

Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ լարված պայքարում 7:5 հաշվով հաղթահարեց մոլդովացի Գեորգի Պասկալովի արգելքը: Քառորդ եզրափակիչում Ավագյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովը:

1/8 եզրափակիչից պայքարը սկսած Սարգիս Հովսեփյանը (97 կգ) 0:5 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն։

Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ին մեկնել են նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս 10 ըմբիշով էր մեկնել մրցավայր և 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) առաջին անգամ արժանացավ նման պատվի: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:




Լուրեր թեմայից