Լրահոս

Մխիթարյանն՝ իր արդյունավետության մասին. Դա բավարար չէ

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն ու իր արդյունավետությանն իտալական ակումբում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մխիթարյանը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ

«Դա բավարար չէ: Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար: Ցանկանում եմ խփել ավելի շատ գոլեր, կատարել գոլային փոխանցումներ ու օգտակար լինել հաղթանակի հասնելու հարցում:

Հիմա ավելի լավ եմ զգում: Ցավում եմ, որ չկարողացա մասնակցել «Յուվենտուսի» դեմ դերբիին: Վնասվածքներ լինում են, և ես շատ եմ աշխատել խաղադաշտ վերադառնալու համար:

Ֆուտբոլում ամեն բան կարող է լինել: Մի օր դու քեզ լավ ես զգում, սակայն հաջորդ անգամ ինչ-որ բան այնպես չի ստացվում և չես կարողանում հասնել արդյունքի: Ֆուտբոլում դա նորմալ է, սակայն մենք պետք է շարունակենք աշխատանքը և հավատանք ինքներս մեզ:

Ունենք հրաշալի թիմ, և մարզիչը հնարավորություն կտա բոլորին: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի իր վրա պատասխանատվություն վերցնել հաջորդ խաղում: Պետք է պատրաստ լինենք ֆիզիկապես ու հոգեբանորեն՝ չմտածելով, թե որքան կարևոր պահ է դա: Չենք կարող մեծ ճնշում գործադրել մեզ վրա: Սա կարևոր ամիս է լինելու մեզ համար»,- ասել է Մխիթարյանը «Ռոմայի» ամսագրի հետ զրույցում, փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածից հետո խաղադաշտ էր վերադարձել «Բոլոնիայի» դեմ փետրվարի 7-ին կայացած խաղում (2։3), որտեղ դարձել էր գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել հունվարի 5-ին: Նա բաց էր թողել «Ռոմայի» նախորդ 6 խաղերը:

 




Լուրեր թեմայից