Լրահոս

ԵԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ):

Միհրան Ջաբուրյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի բելառուս Դիմչուկ Ռինչինաուի հետ:

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) նույնպես կմեկնարկի որակավորման փուլից և կգոտեմարտի սլովակ Դավիդ Հաբատի հետ:

Գևորգ Մխեյանի (70 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևը։

Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել մոլդովացի Գեորգի Պասկալովի արգելքը:

Սարգիս Հովսեփյանը (97 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, իսկ նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն։

Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ին մեկնել են նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս 10 ըմբիշով էր մեկնել մրցավայր և 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) առաջին անգամ արժանացավ նման պատվի: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:




Լուրեր թեմայից