Լրահոս

Մեդալակիր ըմբիշները ամփոփեցին ԵԱ-ն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած հայ ըմբիշները հայրենիք վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմել են տպավորությունների մասին, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

Գևորգ Ղարիբյան. «Տպավորությունները շատ լավն են: Շնորհակալ եմ բոլորին, որ եկել են մեր ուրախությունը կիսելու: Իրոք, չէի սպասում, որ մեզ այսպես կդիմավորեն: Ինձ շատ լավ եմ զգում, որ կարողացել եմ հնչեցնել մեր երկրի հիմնը և մեր դրոշն ավելի բարձր պահել Ադրբեջանից ու Թուրքիայից: Դժվարություններ միշտ լինում են: Եվրոպայի առաջնությունում առանց դրա չի լինում: Առաջին գոտեմարտից հետո ինձ մի փոքր վատ էի զգում սննդի պատճառով, սակայն կարողացա հավաքվել և հաջող հանդես գալ: Մոտ 4 տարի վնասվածքներն ու վիրահատությունները խանգարել են ինձ, սակայն կարողացա հաղթահարել դա ու հաղթել Եվրոպայի առաջնությունում:

Միանշանակ, թուրք և ադրբեջանցի ըմբիշների դեմ գոտեմարտերին այլ կերպ ենք մոտենում, որովհետև դա, կարելի է ասել, պատվի հարց է մեզ համար: Հաջորդ մրցաշարերում մասնակցության հարցը կորոշեն մարզիչները»,- ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը, որն առաջին լուրջ հաջողությունը գրանցեց մեծահասակների պայքարում:

Կարապետ Չալյան. «Շատ ուրախ եմ, որ առանց մեդալի չեմ վերադառնում Հայաստան: Արդյունքից դժգոհ եմ, քանի որ կարող էի անել ավելին և դուրս գալ եզրափակիչ: Հետագա անելիքներս կորոշեն մարզիչները: Թիմը հասավ շատ լավ արդյունքի: Կարող էինք նվաճել ավելի շատ մեդալներ: Ինչ-ինչ պատճառներով չստացվեց, հաջորդ մրցումներին ավելի շատ կնվաճենք: Երևի, ինձ երբեմն խանգարում է հաղթելու մեծ ցանկությունը»,- ասաց գյումրեցի ըմբիշը, որը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձել էր նաև 2016 թվականին:

Կարեն Ասլանյան. «Ընդհանուր թիմի համար Եվրոպայի առաջնությունը շատ լավ ընթացավ: Իմ կարծիքով, մարզիչները գոհ էին մեզանից: Կարող էինք ունենալ ավելի բարձր հարկի և ավելի շատ մեդալներ, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ցանկանում էի նվաճել ոսկե մեդալ»,- ասաց Ասլանյանը, որը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ նվաճեց ԵԱ-ում:

Հիշեցնենք, որ 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանը (97 կգ) թիմի հետ չէր ժամանել Հայաստան: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն գյումրեցի ըմբիշը հայրենիք կվերադառնա մի քանի օրից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղն էր գրավել Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։

Արթուր Ալեքսանյանից բացի, Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեցին նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից