Լրահոս

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» Ռոնալդուի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» սեփական դաշտում 1։1 հաշվով ավարտեց  Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում:

Հանդիպման հաշիվը 61 -րդ րոպեին բացեց միլանցիների խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը, որը դիպուկ հարվածով եզրափակեց իսպանացի կիսապաշտպան Սամուել Կաստիլյեխոյի փոխանցումը։

71-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

Հանդիպման վերջնամասում թուրինցիների պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խաղընկերոջ փոխանցումից հետո փորձեց շրջադարձ հարվածով գրավել «Միլանի» դարպասը, սակայն գնդակը դիպավ Դավիդե Կալաբրիայի ձեռքին։

Հանդիպումը սպասարկող մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրեց «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը՝ 1:1:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին Թուրինում։

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Ինտերը» և «Նապոլին»: Կիսաեզրափակիչի առաջին խաղում նեապոլցիներն արտագնա հաղթանակ են տարել նվազագույն հաշվով:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» - «Յուվենտուս»՝ 1։1

Անտե Ռեբիչ, 61 - Կրիշտիանու Ռոնալդու, 90+1 (11 մ)

Հեռացում՝ Տեո Էրնանդես, 71 («Միլան»)




Լուրեր թեմայից