Լրահոս

ԵԱ. Ազատ ոճի ըմբիշներն իմացան առաջին մրցակիցներին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մեկնել է ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով: Փետրվարի 13-ին տեղի է ունեցել վիճակահանությունը և Հայաստանի թիմի բոլոր ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին: Մեկնարկային օրը հանդես կգան 57, 65, 70, 79, 97 կգ քաշային ըմբիշները:

Միհրան Ջաբուրյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի բելառուս Դիմչուկ Ռինչինաուի հետ:

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ:

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից և կգոտեմարտի սլովակ Դավիդ Հաբատի հետ

Գևորգ Մխեյանի (70 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևը։

Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը վրացի Ավթանդիլ Քենթչաձեն է։

Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել մոլդովացի Գեորգի Պասկալովի արգելքը:

Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Իլյա Արչայան։

Մարզպետ Գալստյանը (92 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ։

Սարգիս Հովսեփյանը (97 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, իսկ նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն։

Լևան Բերիանիձեն (125 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի ռումինացի Ռառես Դանիել Չինտոանի հետ։

Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս 10 ըմբիշով էր մեկնել մրցավայր և 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) առաջին անգամ արժանացավ նման պատվի: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:




Լուրեր թեմայից