Լրահոս

Ռուբեն Նազարեթյան․ Վիճակահանությունը գնահատում եմ դրական

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն անդրադարձել է Եվրո-2022-ի փլեյ-օֆֆի վիճակահանությանը և խոսել սպասվող հանդիպումների մասին։ Շվեյցարական Նիոնում փետրվարի 13-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայկական թիմին բաժին էր հասել Բուլղարիայի հավաքականը։

«Անկախ վիճակահանության արդյունքից, եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինենք մրցելու ցանկացած մրցակցի հետ։ Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։

Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։ Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին, կսկսենք արդեն մարզական հավաքը»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին խաղը կանցկացնի մրցակցի խաղադաշտում: Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին։

Այս փուլի արգելքը հաղթահարած թիմերը կնվաճեն Եվրո-2022-ի որակավորման փուլի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր։

Հայաստանիազգային թիմը փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել Բելգիայի Հերենտալս քաղաքում անցկացված ընտրական մրցաշարի արդյունքում: Առաջին տուրում հայկական թիմը 2։5 հաշվով պարտվել էր բելգիացիներին, երկրորդ խաղում 3։1 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի նկատմամբ, իսկ երրորդ տուրում 2։2 հաշվով էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ՝ 4 միավորով B խմբում գրավելով երկրորդ տեղը։

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից