Լրահոս

Եվրո-2022․ Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Ֆուտզալի 2022թ. Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցը կլինի Բուլղարիան:

Շվեյցարական Նիոնում փետրվարի 13-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայկական թիմն առաջին խաղը կանցկացնի մրցակցի խաղադաշտում: Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին։

Այս փուլի արգելքը հաղթահարած թիմերը կնվաճեն Եվրո-2022-ի որակավորման փուլի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել Բելգիայի Հերենտալս քաղաքում անցկացված ընտրական մրցաշարի արդյունքում: Առաջին տուրում հայկական թիմը 2։5 հաշվով պարտվել էր բելգիացիներին, երկրորդ խաղում 3։1 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի նկատմամբ, իսկ երրորդ տուրում 2։2 հաշվով էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ՝ 4 միավորով B խմբում գրավելով երկրորդ տեղը։

Տեղի է ունեցել նաև 2021թ. կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ ուժերը կչափի Մոլդովայի, Հոլանդիայի ու Բոսնիա-Հերցեգովինայի թիմերի հետ։ Հանդիպումների տեղի կունենան մայիսի 5-10-ը Մոլդովայում։




Լուրեր թեմայից