Լրահոս

Գևորգ Ղարիբյան. Երազանքներիցս մեկը կատարվեց (ֆոտոշարք)

Ինձ միշտ ինչ-որ մի բան պակասում էր մրցաշարերում հաջողության հասնելու համար, բայց այս անգամ ամեն ինչ շատ լավ ընթացավ: Մարտական էի տրամադրված և եկել էի միայն հաղթանակի հետևից:

Այս մասին TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում Հռոմից ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Գևորգ Ղարիբյանը, որն ամփոփեց Իտալիայի մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր ելույթները և խոսեց իր հաղթանակի մասին:

«Այժմ շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ ունեցա լավ ելույթներ: Մինչև եզրափակիչը բոլորին հաղթեցի բացահայտ առավելությամբ, իսկ եզրափակիչում համառ պայքար ստացվեց թուրք ըմբիշի դեմ: Բայց, փառք Աստծո, ինձ հաջողվեց հաղթանակի հասնել:

Շատ շնորհակալ եմ մարզիչներիս: Հավաքականում շատ լավ մթնոլորտ է, միմյանց հանդեպ սրտացավ ենք և ամեն կերպ փորձում ենք օգնել իրար լավ արդյունքներ ցուցադրելու համար: Բոլորին շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար:

Մինչև Եվրոպայի առաջնությունը անցկացրել էինք լավ հավաքներ, և մարզիչների ճիշտ աշխատանքի շնորհիվ շատ լավ մարզավիճակում էի: Ինձ միշտ ինչ-որ մի բան պակասում էր մրցաշարերում հաջողության հասնելու համար, այնպես էր լինում, որ հաղթանակից մի քանի վայրկյան առաջ ինչ-որ բան չէր ստացվում և պարտվում էի: Բայց այս անգամ ամեն ինչ շատ լավ ընթացավ: Մարտական էի տրամադրված և եկել էի միայն հաղթանակի հետևից: Ոսկե մեդալը նվաճելուց հետո նոր զգացողություններ կան, բայց, ընդհանուր առմամբ, հանգիստ եմ: Երազանքներիցս մեկը կատարվեց, այժմ պետք է առաջ նայել և գնալ դեպի Տոկիո-2020»,- ասաց Գևորգ Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ ԵԱ-ում Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: Երկրորդ գոտեմարտում նա դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Մուրատ Բազարովին, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով առավելության էր հասել էստոնացի Հելարի Մաեգիսալուի նկատմամբ։ Եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 5:5 հաշվով հաղթեց թուրք Կերեմ Կամալին։ 

Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով երկրորդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։

Վերոնիկա Բեկնազարյան



Լուրեր թեմայից