Լրահոս

Ժամանակը եկել էր. Հայ մասնագետը՝ ղազախական ակումբ գլխավորելու մասին (ֆոտո)

Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երեւանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» թիմի գլխավոր մարզիչ: 

Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում 34-ամյա մասնագետը պատմել է, թե ինչպես է ստացել ղազախական ակումբում աշխատելու առաջարկ:

«Ակումբի ակադեմիան համակարգում են Բարսելոնայից ժամանած մասնագետներ, որոնց հետ ծանոթացել էի մեկ տարի առաջ: Նախկինում նրանք ինձ առաջարկել էին աշխատանքի անցնել ակադեմիայում, բայց ես չէի ցանկանում: Երբ եղավ գլխավոր թիմը գլխավորելու առաջարկ, ես համաձայնեցի: Ֆինանսական առումով ունեի ավելի լավ առաջարկներ, սակայն ընտանիքիս ու ընկերներիս հետ քննարկելուց հետո ընտրեցի այս տարբերակը:

Թիմի առջև խնդիր է դրված հնարավորություն տալ այս տարածաշրջանի երիտասարդ խաղացողներին ու հնարավորինս բարձր տեղ գրավել նրանց հետ: Ունենք տարբեր տարիքային հավաքականներում հանդես եկող 5 ֆուտբոլիստներ: Մեր խնդիրը լավ կադրեր ստեղծելն է:

Առաջիկայում կմեկնարկի Ղազախստանի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցենք նաև մենք: Փետրվարի 16-ին թիմի հետ կմեկնենք Թուրքիա, որտեղ կանցկացնենք ուսումնամարզական հավաք: Հուսով եմ, որ նոր պաշտոնում նորամուտս հաջող կստացվի: Տրամադրված եմ աշխատանքի: Արդեն ժամանակն էր, որ մանկապատանեկան ֆուտբոլից տեղափոխվեի այլ մակարդակ: Վաղուց էի ցանկանում անել այդ քայլը: Առաջարկը եղավ ճիշտ ժամանակին: Սա մեծ փորձություն ու մարտահրավեր է ինձ համար: Վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- ասաց Լևոն Ղասաբօղլյանը:

86477260_2507389999503591_3826203875140960256_n.jpg (41 KB)

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ առաջիկայում թիմում կտեսնենք նաև հայ ֆուտբոլիստների, մարզիչը նշեց հետևյալը. «Այս պահին շեշտադրումը կատարվում է տեղացի ֆուտբոլիստների վրա, որպեսզի նրանք աճեն ու զարգանան: Ես դա շատ ճիշտ քայլ եմ համարում տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման գործում: Այս մրցաշրջանում խաղալու ենք տեղացի կադրերով: Սակայն, եթե ապագայում թիմի ծրագրերը փոխվեն և պայքարենք ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, ապա թիմում կարող են հայտնվել լեգեոնականներ, այդ թվում՝ խաղացողներ Հայաստանից: Ամեն դեպքում, դեռ վաղ է խոսել այդ մասին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար, որի ղեկավարը Լևոն Ղասաբօղլյանն էր: Նա անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին է:

Հայաստանում Լևոն Ղասաբօղլյանը մարզչական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում: Նա աշխատել է նաև Երեւանի «Արցախի» մարզչական շտաբում ու ղազախական «Ալաշ» ակումբի ակադեմիայում: Ղասաբօղլյանը մասնակցել է նաև «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին: 




Լուրեր թեմայից