Լրահոս

ԵԱ․ Հայաստանի հավաքականը 2-րդն է մեդալային հաշվարկում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։

Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Առաջին տեղում է Ադրբեջանի հավաքականը (2 ոսկե, 4 բրոնզե մեդալ), իսկ լավագույն եռյակը մեկական ոսկե ու արծաթե մեդալով եզրափակեց Բուլղարիայի հավաքականը, որի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանի 18-ամյա որդին՝ Էդմոնդ Նազարյանը (55 կգ):

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) առաջին անգամ արժանացավ նման պատվի: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

45654.png (22 KB)




Լուրեր թեմայից