Լրահոս

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնության եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 7։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ։

Առաջին մրցափուլից հետո Ալեքսանյանը պարտվում էր 0։1 հաշվով, սակայն երկրորդում շտկեց իրավիճակը: Նա հրաշալի աշխատեց պարտերում և տարավ վստահ հաղթանակ:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը փետրվարի 12-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Չենկ Իլդեմից: Երկրորդ գոտեմարտում նա ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում 8:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Այսպիսով, 10 ըմբիշով ԵԱ-ին մեկնած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտեց 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալով՝ մեդալային հաշվարկում գրավելով երկրորդ տեղը: Փետրվարի 12-ին Գևորգ Ղարիբյանը (60 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) երկրորդ տարին անընդմեջ դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Փետրվարի 11-ին բրոնզե մեդալ էր նվաճել նաև Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ):

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:



Լուրեր թեմայից