Լրահոս

ԵԱ․ Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար գոտեմարտում դժվարին պայքարում 7։5 հաշվով առավելության հասավ հունգարացի Կրիստիան Վանզայի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին որակավորման փուլից պայքարը սկսած Կարեն Ասլանյանն առաջին գոտեմարտում 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, իսկ 1/8 եզրափակիչում առաջին մրցափուլում 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Գիորգի Շոթաձեից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր 2017թ. աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ և հաղթել տուշեով՝ 10:1, իսկ կիսաեզրափակիչում 3:4 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Փետրվարի 12-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) բրոնզե մեդալակիր էր դարձել նախօրեին: 

Փետրվարի 12-ին Եվրոպայի 5-ակի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:



Լուրեր թեմայից