Լրահոս

Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 5:5 հաշվով հաղթեց թուրք Կերեմ Կամալին։ 

Առաջին մրցափուլում Ղարիբյանը հայտնվեց պարտերում, սակայն հրաշալի պաշտանվեց և մրցակիցը չկարողացավ հնարք կատարել և բավարարվեց մեկ միավորով: Երկրորդ մրցափուլի սկզբում հայ ըմբիշը կատարեց 4 միավորանոց հնարք: Ղարիբյանը շարունակում էր ակտիվությունը և քիչ անց հնարավորություն ստացավ աշխատել պարտերում՝ վաստակելով ևս մեկ միավոր, բայց չկարողացավ գլորում կատարել, իսկ մրցակիցը կարողացավ նրան հրել գորգից և ստացավ 2 միավոր: Վերջնամասում թուրք ըմբիշը վաստակեց ևս 2 միավոր և հաշիվը դարձրեց 5:5, սակայն հաղթանակը շնորհվեց Գևորգ Ղարիղյանին, քանի որ նա կատարել էր 4 միավորանոց հնարք:

Գևորգ Ղարիբյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Մուրատ Բազարովին, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով առավելության էր հասել էստոնացի Հելարի Մաեգիսալուի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Փետրվարի 11-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ):

Փետրվարի 12-ին Եվրոպայի 5-ակի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:



Լուրեր թեմայից