Լրահոս

ԵԱ․ Կարապետ Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Երրորդ տեղի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը մրցում էր Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ 0:3 հաշվի ժամանակ Մնացականյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։

Կարապետ Չալյանը փետրվարի 11-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել շվեյցարացի Նիկոլաս Կրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում նա 3:1 հաշվով հաղթել էր 2017թ. աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով ուժեղ էր գտնվել բելառուս Պավել Լյախից: Կիսաեզրափակիչում Չալյանը 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

Հիշեցնենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ինչպես նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս են եկել եզրափակիչ։

Փետրվարի 12-ին Ալեքսանյանն ուժերը կչափի Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ, իսկ Ղարիբյանը կմրցի թուրք Կերեմ Կամալի հետ։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեցին նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում, իսկ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) պարտություն էր կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:




Լուրեր թեմայից