Լրահոս

Արթուր Աբրահամ. Կարիերաս գրեթե ավարտել եմ, բայց հնարավոր է՝ անցկացնեմ ևս մեկ մենամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ և անցկացնել վերջին մենամարտը: Այս մասին 39-ամյա բռնցքամարտիկը հայտնեց TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում:

«99,9 տոկոսով ավարտել եմ կարիերաս, բայց հնարավոր է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ Ֆելիքս Շտուրմի հետ: Նա իմ հասակակիցն է, և կարող է լինել շատ հետաքրքիր մենամարտ: Իսկ եթե այն չկայանա, ապա կարող ենք ասել՝ սպորտային կարիերաս ավարտված է:

Ֆելիքս Շտուրմի թիմի հետ բանակցություններ են ընթանում, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև դեռ պայմանագիրը ստորագրված չէ: Միայն այդ դեպքում ցանկություն ունեմ վերադառնալ ռինգ, ուրիշ ոչ մի դեպքում:

Հիմա զբաղված եմ իմ գործերով, որոնք ստեղծել եմ սպորտային կարիերայիս ընթացքում, զուգահեռ զբաղվում եմ հիմնադրամի գործերով, որի նպատակը սպորտով զբաղվող երեխաներին օգնելն է»,- ասաց Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: 40-ամյա Ֆելիքս Շտուրմը նախորդ անգամ ռինգ դուրս եկել է 2016-ին։

Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 53 մենամարտ, տարել 47 հաղթանակ ու կրել 6 պարտություն:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից