Լրահոս

Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային»

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձը խաղադաշտ նշեց գոլով:

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռոման» տանը 2։3 հաշվով պարտություն կրեց «Բոլոնիայից», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ գամբիացի հարձակվող Մուսա Բարոուն:

Վնասվածքից հետո առաջին անգամ «Ռոմայի» մեկնարկային կազմում ընդգրկված Հենրիխ Մխիթարյանը 72-րդ րոպեին գլխի հարվածով կրճատեց հաշիվը՝ խփելով խաղի վերջին գոլը: 31-ամյա Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և չորրորդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

«Ռոման» 80-րդ րոպեից 10 խաղացողներով էր հանդես գալիս իտալացի կիսապաշտպան Բրայան Կրիստանտեի հեռացման պատճառով։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Տորինոյի» դեմ A Սերիայի 18-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել հունվարի 5-ին: Նա բաց էր թողել «Ռոմայի» նախորդ 6 խաղերը:

Այդ հաղթանակից հետո «Բոլոնիան» վաստակեց 33 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։ «Ռոման» 39 միավորով մնաց 5-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 2։3

Ստեֆանո Դենսվիլ, 22 (ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան, 72 – Ռիկարդո Օրսոլինի, 16, Մուսա Բարոու, 26, 51

Հեռացում՝ Բրայան Կրիստանտե, 80 («Ռոմա»)



Լուրեր թեմայից