Լրահոս

Երբ, ինչու և ինչպես ես դարձա «Բարսելոնայի» երկրպագու

G
Gegham G.
կայքում

Սկսեմ նրանից, որ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը համարվում է աշխարհի  ամենահզոր, տիտղոսակիր և ֆուտբոլի պատմության մեջ մեծ ավանդ ներդրած ակումբներից մեկը:

Այսօր  ակումբն ունի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր  կողմերում: Շատ  երկրներում ստեղծվել են «Բարսելոնայի» ֆան խմբեր,  այդ  թվում՝ Հայաստանում: Ինչո՞վ է դա  թելադրված: Ակումբը  տարիներ  շարունակ  ցուցադրել է   բարձր  մակարդակի  անզուգական խաղ  բոլոր  առումներով և  դրանով գերել բազմամիլիոն  ֆուտբոլասերների սրտերը: Եվ այսօր իրավամբ թիմին տրվել է «Ավելին, քան ակումբ» անվանումը:

Տարիներ  առաջ «Բարսելոնային» անվանել են բարսելոնյան  մեքենա, որին կանգնեցնել հնարավոր չէ:

Կարելի է  անվերջ անդրադառնալ ակումբի արժանիքներին, բայց հակիրճ լինելու համար վերադառնամ իմ ասելիքին: 

Ֆուտբոլով՝ որպես սպորտաձև, սկսել եմ հետաքրքրվել և սիրել դեռևս 1960-ականներին, երբ դեռ տակավին երեխա էի: Լուսահոգի պապիկս ինձ միշտ ստիպողաբար տանում էր «Հանրապետական» մարզադաշտ՝ «Արարատի» խաղերին: Ես խաղը դիտելու փոխարեն նայում էի երկրպագուներին, թե ինչպես էին նրանք ցնծություն ապրում: Հետո սկսեցի խաղերին հետևել և կամաց-կամաց սկսեցի սիրել ֆուտբոլը: Այսօր ֆուտբոլն ինձ համար ոչ միայն սպորտաձև է, այլ նաև արվեստ, որին հասնելու համար պահանջվում է քրտնաջան աշխատանք և որ ամենակարևորն է՝ տաղանդ և այլն:

1966,  1970 թվականների  աշխարհի  առաջնություններ: Ամբողջ աշխարհը կլանված  դիտում  էր  այդ  խաղերը  իր  բոլոր  լավ  ու  վատ  կողմերով: Ցավոք, այդ ժամանակ մենք հնարավորություն չունեինք դիտելու եվրոպական առաջնությունները՝ հատկապես Եվրոպայի Չեմպիոնների գավաթի, Գավաթակիրների գավաթի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը: Այդ խաղերի արդյունքների մասին տեղեկանում էինք մեկ-երկու օր հետո՝ սպորտային մամուլի հրապարակումներից, լավագույն դեպքում՝ կինոդիտումներից առաջ ցուցադրվող սպորտային հավելվածներից, որը կոչվում էր «ժուրնալ»: Եվ ահա այդ ժուրնալներից մեկի ժամանակ մի փոքր խաղային հատվածներ ցուցադրեցին  Ամստերդամի «Այաքսի» խաղից: Հոլանդական ակումբը «Ուեմբլի» մարզադաշտում հաղթեց  հունական «Պանատինայկոսին» և դարձավ Եվրոպայի Չեմպիոնների գավաթակիր, այնուհետև հաջորդ տարի ևս հաղթեց «Ինտերին» և էլի մեկ անգամ: Ինչո՞ւ  եմ  անդրադառնում այդ տարիներին, որովհետև ես, և ոչ միայն ես, բացահայտեցի տոտալ ֆուտբոլի նորամուծությունը, որն առաջին անգամ  ցուցադրեց «Այաքս» ակումբն՝  իր լեգենդար մարզիչի գլխավորությամբ: Ֆուտբոլային աշխարհի համար դա նորամուծություն էր: Իսկ նման  խաղաոճը գլխավորում  և կազմակերպում  էր ֆուտբոլի պատմության լեգենդներից  մեկը՝ Յոհան  Քրոյֆը, որին ես այնքան սիրեցի, որ ինձ համար դարձավ պաշտամունք: 1974  թվականի աշխարհի առաջնությունում Քրոյֆն իր վրա սևեռեց  ֆուտբոլային աշխարհի  ուշադրությունը և  ոչ ավելի, ոչ պակաս դարձավ լեգենդ:

Հիմա  ես կանդրադառնամ ամենակարևորին: 1974 թվականին  Քրոյֆը  տեղափոխվեց  «Բարսելոնա»: Չեք պատկերացնի, որքան ցավալի ընդունեցի  այդ լուրը: Ինձ թվում էր, որ նա հավերժ պետք է  խաղա «Այաքսում»: «Այաքս» և ուրիշ  ոչինչ. դա էր իմ նշանաբանը: Բայց,  այնուամենայնիվ,  ես  այնքան էի սիրում, պաշտում  Քրոյֆին, որ մի  կերպ համակերպվեցի այդ փաստի հետ: Իսկ  դա  նշանակում  էր, որ ես սկսեցի երկրպագել «Բարսելոնային»: Որովհետև այնտեղ էր խաղում  Քրոյֆը: Եվ  ինչու չէ, թիմում  խաղում էր նաև Նեսքենզը,  իսկ  թիմը մարզում էր Միխելսը: Եվ ահա կամաց-կամաց սկսեցի  բացահայտել  ինձ  համար «Բարսելոնա»  ակումբը:  Չեք պատկերացնի իմ ցնծությունը, երբ  թիմը այդ տարի դարձավ  Իսպանիայի  չեմպիոն: Եվ  դա առաջին  հերթին պայմանավորված էր  Քրոյֆի  ֆենոմենով:  Նա  կարճ ժամանակում դարձավ թիմի  առաջատար, խաղի կազմակերպիչ և այլն:

«Բարսելոնան»  կամաց-կամաց  ինձ համար դարձավ  հարազատ  թիմ:  Ես  արդեն  սկսեցի  լուրջ  երկրպագել  այդ  ակումբին՝  նույնիսկ  Քրոյֆի  հեռանալուց  հետո:  Բավական է  նշեմ,  որ  ակումբում  տարբեր  տարիներին  խաղացել են  Քրոյֆը,  Նեսքենզը,  Մարադոնան,  բրազիլացի  Ռոնալդոն,  Գարի  Լինիկերը,  Հենրիկ Լարսոնը,  Ռոմարիոն,  Ստոիչկովը,  Կումանը,  Ռիվալդոն,  Կլայվերտը,  Ֆրանկ  դե  Բուրը,  Թիերի  Անրին, Զլատան Իբրահիմովիչը,   կախարդ  Ռոնալդինյոն:  Բոլորին  չթվարկեցի: Մի  ամբողջ  աստղային  համաստեղություն, որոնք  մեծապես  նպաստել են  ակումբի  էլ  ավելի  կայացմանը,  հզորացմանը  և  բազմաթիվ  տիտղոսների նվաճմանը:

Ուզում  եմ  հատկապես  կանգ առնել  Ռոնալդինյոյի  ֆենոմենի  վրա:  Ֆուտբոլի  կախարդ  բառի  բուն  իմաստով:   Նա  իր  խաղով   ստիպեց  Մադրիդի  «Ռեալի»  երկրպագուներին  «Սանտիագո Բեռանաբեու»  մարզադաշտում  հոտնկայս  ծափահարել  իրեն  և  ողջունել «Բարսելոնայի»  հաղթանակը:  Նման  բան  չէր  կարելի  պատկերացնել:  Եվ  այդ  ամենը  Ռոնալդինյոյի  շնորհիվ:   Եվ  ահա  եկավ  պահը,  երբ  «Բարսելոնայի»  երկնակամարում  հայտնվեց  մի  հրաշամանուկ,  որը  պետք է  դառնար  ակումբի   լեգենդների  լեգենդը  և  մինչև հիմա  գործող  լեգենդը:  Իհարկե,  դուք  կռահեցիք, որ  խոսքը  Լիոնել  Մեսիի  մասին է:

17  տարեկանից  մինչև  օրս  այդ  ֆուտբոլիստը  օր  օրի  աճում,  կատարելագործվում  է և  չգիտես, թե  վերջն  ինչ է  լինելու:  Համենայնդեպս,  նա  նվաճել է  թիմին  պատկանող  բոլոր ռեկորդները:  Կան  ռեկորդներ, որոնք,  իմ  կարծիքով երբեք  չեն  գերազանցվի:  Մեսին այն  ֆուտբոլիստն է, որը  կարող է  վճռել  խաղի  ելքը:

Հատկանշական է  այն  հանգամանքը,  որ  Մեսին  ամբողջովին  նվիրվել է  իր  հարազատ  ակումբին:  Ժամանակին  ակումբը  հոգաց  նրա  առողջական  խնդիրները,  իսկ  նա  տասնապատիկ  անգամ  փոխհատուցեց  և  շարունակում է  փոխհատուցել  ակումբին իր  խաղով, իր  արդյունքներով: Եվ  իզուր  չէ, որ նա Կատալոնիայում դարձել է պաշտանմունք:  Հայտնի  չէ, թե  ինչ  նոր  արդյունքների  կհասնի  նա:  Նրա  խաղային  մակարդակը,  չնայած  տարիքին, շարունակում է  մնալ  նույն մակարդակի, եթե  ոչ ավելիի վրա: Եկեք  նշենք նրա  տուգանային  հարվածները,  գոլային  անզուգական  փոխանցումները  և,  իհարկե, ամեն  տարի  քսանից  ոչ  պակաս  խփած  գոլերը: Մի  խոսքով, այս  ամենը ստիպում է ինձ  էլ  ավելի  սիրել  ու  երկրպագել  «Բարսելոնա» ակումբին: Համենայնդեպս, այնքան ժամանակ,  քանի  դեռ  խաղում է  ՄԵՍԻՆ: Նա ինձ  համար  համարվում է  բոլոր  ժամանակների   լավագույն  ֆուտբոլիստը:  Այդ մասին է ասել  անգամ  լեգենդար  Յոհան  Քրոյֆը  և  շատ ու  շատ հանրահայտ  աստղեր ու ֆուտբոլի  մասնագետներ:

Հատկանշական է  հրաշք  Ռոնալդինյոյի  ասածը, երբ  նա  ԱՄՆ-ում  իր  ընկեր,  լեգենդար բասկետբոլիստ  Քոբի  Բրայանթին  ասել է. «Ուզո՞ւմ ես  տեսնել  աշխարհի  լավագույն  ֆուտբոլիստին»: Վերջինս  զարմացել և  ասել է. «Այդ ֆուդբոլիստը դու ես»:

Ռոնալդինյոն,  թե  չէ,  ահա  նա՝ ցույց  տալով  Մեսիին: «Մի  քանի  տարի  հետո  նա  իր  մասին  խոսել  կտա  աշխարհին»,- ասել է բրազիլացին:

Ռոնալդինոյի  կանխատեսումը  կատարվեց:  Պետք է  հատուկ  նշեմ, որ Մեսիի կայացման  գործում մեծ  դերակատարություն է  ունեցել կախարդը, այնուհետև Չավի-Ինյեստա զույգը:   Մեսին  կախարդ չէ: Կախարդը Ռոնալդինյոն է, Մեսին  այլմոլորակային է:  Ասում  են՝  ինքն էլ է  սկսել  հավատալ  դրան: Այս ամենի հետ մեկտեղ, նա իսկական հավատացյալ, օրինավոր  ամուսին և լավ հայր է: Դե  եկ ու այսքանից  հետո  մի  երկրպագի  «Բարսելոնային»:  Համենայնդեպս, այդպես  են  մտածում  միլիոնավոր  ֆուտբոլասերներ ամբողջ աշխարհում: Եվ,  իրոք,  ճիշտ է  ասված՝  «Բարսելոնան»  ավելին է,  քան  ակումբ:  «Բարսելոնայի» խաղերի  ժամանակ  ուշադրություն  դարձրեք  մարզադաշտի  լեփ-լեցուն  լինելուն, ակումբի հիմնի  կատարմանը, մեծ ու  փոքր  երկրպագուների հրճվանքներին: Հայրերը նույնիսկ մի քանի տարեկան երեխաների են  բերում  մարզադաշտ, որպեսզի նրանք այդ տարիքից սկսեն սիրել իրենց քաղաքի  խորհրդանիշ հանդիսացող  ակումբին: Եվ դա կատալոնական  ազատատենչ  ժողովրդին  բնորոշող հատկանիշներից մեկն է:

Թերևս  այսքանը:

Չմոռանամ  նշել,  որ  այս ամենի  հետ  մեկտեղ  ես  չեմ  մոռացել  իմ  սիրելի  «Այաքսին», որի  հաջողություններով ուրախանում եմ:  Ցանկանում եմ  նոր  նվաճումներ:  Սիրում  և  գնահատում  եմ  նաև  այլ  թիմերի,  բայց  «Բարսան»  մնում է  «Բարսա»,  որովհետև այն ավելին է, քան ակումբը:

Եվ վերջում, երազում եմ, որ մի օր հայկական  ֆուտբոլը  նույնպես  կհասնի  այդ  մակարդակին  և  մենք  բոլորով  կասենք, որ հայկական թիմերից մեկն ավելին է, քան ակումբ: